Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում մրցակցությունը պետք է ապահովվի նաեւ զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու միջոցով: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ մի շարք երկրներում բոլորի կողմից ընդունված կանոններ են գործում, որոնք պետք է պահպանվեն նախընտրական շրջանում: «Դա առաջին հերթին վերաբերում է բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելուն: Օրինակ, եթե թեկնածուներից մեկը բարձր պաշտոն է զբաղեցնում, նա պետք է ժամանակավոր դադարեցնի լիազորությունների կատարումը», - նշել է Պարույր Հայրիկյանը՝ պարզաբանելով, որ եթե թեկնածուներից մեկը նախագահի պաշտոնն է զբաղեցնում, ապա նա ակամայից առավելություն է ստանում մնացածների նկատմամբ: Հայրիկյանը նաեւ հավելել է, որ պետության ղեկավարի պաշտոնը միշտ պետք է մրցակցային լինի: «Այդ մասին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր հայտարարել», - նշել է Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























