Չնայած տնտեսական ճգնաժամին՝ Հայաստանը կատարել է ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փետրվարի 5-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հետ հանդիպմանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան` երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում: Իգոր Շուվալովը նշել է, որ կարեւորում է փոխգործակցության հարցերը երկկողմ հարաբերություններում եւ ԱՊՀ շրջանակներում:
Հաշվի առնելով հանգամանքը, որ 2010 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության եւ նորարարությունների տարի, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համատեղ միջոցառումների իրականացման հարցին։ Մասնավորապես՝ նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի եւ այլ ոլորտներում։ Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարարական կենտրոնի բացման հեռանկարները։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, եւ ձեւավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում։
Վարչապետը շեշտել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին՝ Հայաստանը կատարել է ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում՝ ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ։ Միջոցներ են ձեռնարկվում ԱՊՀ Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման համար։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին։




























