«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին ոչ ոք եւ ոչինչ չի ստիպի հետ կանգնել փետրվարի 8-ին թեկնածությունը հանելու, իսկ փետրվարի 7-ից ԿԸՀ-ի մոտ մեկօրյա հացադուլի նստելու որոշումից: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ հացադուլ անելու նպատակն է, որ մյուս թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը:
Արամ Հարությունյանն ասաց, որ ինքը առաջադրվել է՝ ցույց տալու համար, թե իրեն ոչ ոք չի կարող ստիպել չառաջադրվել, եւ եթե մինչ ընտրությունները դժվար էր առաջադրվելը, ապա այժմ դժվար է լինելու թեկնածությունը հանելը: Արամ Հարությունյանը վստահ է, որ այն երեք ուժերը, որոնք չեն մասնակցում ընտրություններին, նրանց նկատմամբ ճնշումներ են եղել, այլապես «ի՞նչ է նշանակում կես միլիոն ձայն ես հավաքում եւ չես մասնակցում ընտրություններին»:
Նախագահի թեկնածուն մյուս թեկնածուներին մեղադրեց իշխանություններին կամա թե ակամա ծառայելու մեջ եւ կարծում է, որ նրանք ընտրվելու շանսեր չունեն: «Դուք համոզվա՞ծ եք, որ որեւէ մեկը շանս ունի: Ինչքան ուզում է սարերի քամին փչին, Հայրիկյանը ասի, թե Բելին ինքն էր խփում, Հայկը վերցրեց նետը, սուտ ա, ընտրություն չի լինելու: Լեւոնն եկավ, բոլորին տվել է մանդատ, էսօր ճոռո-ճոռո խոսում է Բագրատյանը, լավ վարչապետ էիր, ոչ Վանոն էր գալիս քո նիստերին, ոչ Վազգենը: էս մարդը էսօր ուզում է դառնալ նախագահ: Րաֆֆի Հովհաննիսյանը գնար Սաֆարովի հարցի մասին խոսեր, ի՞նչ իմաստ ունի գնալ Բաքու եւ խոսել, իմաստը ո՞րն է»,- ասաց Արամ Հարությունյանը
Նա բարկացավ NEWS.am-ի հարցից, թե առաջադրվելիս ինչքան էր գնահատում իր ընտրվելու շանսերը, եթե հաշվի առնենք, որ 2003թ. ընտրություններին ստացել էր 1272 ձայն, իսկ 2008թ՝ 2892 ձայն: Արամ Հարությունյանը նշեց, որ այդ թեման փակված է, ինքը մի ձայն է ստացել եւ միայն ինքն է քվեարկել իր օգտին, ապա շեշտեց, որ ավելի լավ է առաջ ընթանալ, թեկուզ թիկունքում ոչ ոք չունենալ:





























