Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց իր որդու` Սպարտակ Ղուկասյանի` Դեդ Հասանի թաղմանը մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնելու, իսկ այժմ Փարիզում գտնվելու մասին տեղեկությունները: Փոխարենը, Վարդան Ղուկասյանը այս անգամ եւս չդավաճանեց լրագրողների հետ շփվելու իր սկզբունքներին եւ պատասխանեց իր ոճով. «Դուք բանուգործ չունի՞ք վաբշե, ինձ ուղղակի հետաքրքիր է, թե դուք բանուգործ չունիք: Ես էնքան ցավում եմ ձեզ եւ էդ ինձանից վախեցողներից, էդ ինչի՞ էն էդքան վախեցած: Պրծանք էլի, էս քաղաքականությունից էլ պրծանք, էլ ի՞նչ կուզեք, էդքան ստոր մարդը կարա լինի, ինչի՞ են էդքան խառնվել, ի՞նչ են ուզում ընդհանրապես: Չեմ հասկանում, թե խի էն էդքան ստոր, ինչի են էդքան զզվելի, իրանք թող զգան,որ վերեւը Աստված կա, մի քիչ էդ բաներից հեռու մնան, մեղք են»,- ասաց նա:
Վարդան Ղուկասյանը, չպատասխանելով բուն հարցին, փորձում էր պատվիրատուներ փնտրել. «Էս երկրում էնքան հոգս, պրոբլեմներ, խնդիրներ կան, փոխանակ դրանց անդրադառնան, ընկել եք Սպարտակ Ղուկասյանի հետեւից, դիտավորյա՞լ եք անում, անհարմար է, մի քիչ ձեր երկրի գործերին նայեք, ընկել եք մուտիլոֆչիկության հետեւից.... »,- նշեց նախկին քաղաքապետը:
Մինչդեռ Ոստիկանության լրատվական ծառայությունից այս հարցի առնչությամբ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Սպարտակ Ղուկասյանը հունվարի 18-ին վարույթն իրականացնող մարմնին դիմում է ներկայացրել` իրազեկելով այն մասին, որ ունի առողջական խնդիրներ եւ անհապաղ բուժում ստանալու նպատակով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: «Բուժումն ավարտելուց հետո կներկայանա քննության: Դիմումին կից ներկայացվել է նաեւ հիվանդանոցից տրված տեղեկանք»,- հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ 168 ժամ» թերթի տեղեկություններով, անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը: «Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը եւս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել եւ տեղի է ունեցել հունվարի 20-ին, Գյումրիի նախկին քաղաքապետը չի մեկնել Մոսկվա, քանի որ այդ օրը համընկել է իր ծննդյան օրվա հետ: Փոխարենը՝ Ղուկասյանների ընտանիքի անունից Դեդ Հասանին հրաժեշտ է տվել Սպարտակ Ղուկասյանը, ով հայտնի է քրեական աշխարհում ունեցած կապերով եւ «օրենքով գող» դառնալու ցանկությամբ: Խնդիրն այն է, սակայն, որ անցած տարվա հայտնի իրադարձությունների պատճառով խուլիգանության մեջ մեղադրվող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը Հայաստան վերադառնալուց հետո ազատ էր արձակվել` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ: Ի դեպ, 168.am-ը ոմն Արմինե Ղազարյանից էլեկտրոնային նամակ է ստացել, որում հայտնվում է, թե նամակի հեղինակը «շատ ստույգ տեղկատվություն» ունի այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ: Ըստ նույն աղբյուրի, Սպարտակի հետ է եղել նաեւ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը»:





























