Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 5-ին ընդունել է ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հայաստանի բաժնի քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Այլի Ռիբուլսի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն» գործողությունների ծրագիրն արդյունավետ է իրականացվում, տարբեր ոլորտներում իրականացվում են խորքային բարեփոխումներ:
Այլի Ռիբուլսը ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում նախատեսվող նոր ինստիտուցիոնալ բարեփոխումների պլանը, որը ասոցացման, ազատ առեւտրի, անվտանգության, արդարության եւ ազատության համաձայնագրերի կնքմանն ընդառաջ Հայաստանի պետական մարմինների վարչական կարողությունների ուժեղացում է ենթադրում:




























