Հայաստանում 2013 թ. աշխատանքներ կիրականացվեն բիզնես մենթորների ինստիտուտի ձեւավորման նպատակով: Այդ մասին նշված է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին» 2013 թ. ծրագրում, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստի հաստատմանը:
Բիզնես մենթորները կարեւոր դերակատարում ունեն սկսնակ գործարարներին աջակցելու հարցում: Մենթորները մասնագետներ են, որոնք կարող են ուղղորդել տնտեսավարող սուբյեկտներին իրենց ողջ գործունեության ընթացքում, հատկապես՝ հիմնադրման սկզբնական փուլում: Մենթորները տեղերում սկսնակ գործարարներին աջակցություն են ցուցաբերում գործարար ծրագրերի կազմման, մարկետինգային հետազոտությունների անցկացման, ֆինանսական ռեսուրսների ներգրավման, իրավական եւ հարկային խորհրդատվության տրամադրման, պետական կառույցներում շահերի ներկայացման, գործարար կապերի հաստատման եւ այլ ուղղություններով:
Մենթորները հանդիսանում են նաեւ տեղական տնտեսական զարգացան ծրագրերի ակտիվ մասնակիցներ: Նրանք համայնքներին կարող են մատուցել տեղական տնտեսական զարգացան վերաբերյալ ծառայություններ եւ տրամադրել խորհրդատվություն:
Մենթորների ինստիտուտի կայացման հիմնական առաքելությունը կվերապահվի Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնին: Վերջինիս կողմից պետք է սահմանվի մենթորների հավաստագրման կարգը, նրանց որակավորման եւ գործունեության պայմաններն ու ընթացակարգերը, իրականացվեն մենթորների պարբերաբար վերապատրաստման աշխատանքներ:




























