«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր ծննդյան օրը` հունվարի 16-ին ամուսնացած դատապարտյալ 44-ամյա Գ. Մ.-ին եւ նրա կնոջը դեռեւս երկարատեւ տեսակցության հնարավորություն չի տրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ հարսանիքից հետո նորապսակներին վեցժամյա կարճատեւ տեսակցության հնարավորություն է տրվել, բայց առաջիկա օրերին նրանց երկարատեւ` երեքօրյա տեսակցության հնարավորություն կընձեռվի: Իսկ թե ինչն է պատճառը, ապա Գոռ Ղլեչյանը նշեց, որ դատապարտվելու ընթացքում դատապարտյալը եւս մեկ հանցագործություն է կատարել, որի առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել:Այժմ այդ քրեական գործով վճիռը կայացել է, սպասում են, որպեսզի այն մտնի օրինական ուժի մեջ, որպեսզի դրանից հետո երկարատեւ տեսակցության հնարավորություն տան:
Ի դեպ, Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ հարսանիքն անցել է նորմալ:
Ավելի վաղ NEWS.am-ը պատմել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած հարսանիքի մասին: Տեղի է ունեցել իսկական հարսանիք` հյուրեր, հոգեւորական, ՔԿԱԳ-ի ներկայացուցիչ, քավորն էլ դատապարտյալներից մեկն էր:
Նշենք, որ Գ. Մ.-ն ծանր հանցագործության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, 8 տարի նա կրել է իր պատիժը, եւս 7 տարի դեռ պետք է անազատության մեջ մնա: Նրա հարսնացուն կալանավորներից չէ, ծանոթացել են քաղաքացիական կյանքում:






























