«Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում այսօր` հունվարի 16-ին, հարսանիք է: Դատապարտյալներից մեկը ` 44-ամյա Գ. Մ.-ն ոչ միայն այսօր`  հունվարի 16-ին, դառնում է 45 տարեկան, այլեւ ժամը 11.00-ին, ամուսնանում է: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Տեղի է ունենալու իսկական հարսանիք, հյուրեր, հոգեւորական, ՔԿԱԳ-ի ներկայացուցիչ, եւ իհարկե, մեղրամիս, քավորն էլ դատապարտյալներից մեկն է լինելու: Գոռ Ղլեչյանը նշեց, որ հյուրեր են գալու, տեղի է ունենալու եկեղեցական արարողություն, կալանավայրի հոգեւոր տեսուչը` Հայր Ռուբենը ՔԿՀ-ի խաչքարի մոտ կօրհնի նրանց միությունը, ՔԿԱԳ-ի ներկայացուցիչ եւս հրավիրվել է, որպեսզի գրանցի նրանց միությունը: Գոռ Ղլեչյանը նշեց, որ  դրանից հետո նորապսակներին կտրվի երկարաժամկետ տեսակցություն, առայժմ կոնկրետ օրերի քանակը չի կարող ասել: Նա մանրամասնեց, որ նրանց կտրվի առանձին սենյակ եւ նվազագույնը երեք օր նրանք կվայելեն ամուսնական կյանքը: Ի դեպ, դատապարտյալը չցանկացավ, որպեսզի իր հարսանիքը տեսանկարահանենք:

Նշենք, որ Գ. Մ.-ն ծանր հանցագործության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, 8 տարի նա կրել է իր պատիժը, եւս 7 տարի դեռ պետք է անազատության մեջ մնա: Նրա հարսնացուն կալանավորներից չէ, ծանոթացել են քաղաքացիական կյանքում: