Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին և ապահովել երկու պետության ստեղծման լուծման կենսունակությունը։
«Ի՞նչ է սպասում միջազգային հանրությունը, որպեսզի պաշտպանի պաղեստինցի ժողովրդին, ապահովի նրա հետագա մնալը իր հողում, վերջ տա իսրայելական օկուպացիային և իրականացնի երկու պետության ստեղծման լուծումը՝ միջազգային լեգիտիմության հիման վրա»,- նախապես ձայնագրված տեսաուղերձում հայտարարել է Աբբասը։
Աբբասը նշել է, որ Գազայում երեք տարվա պատերազմից հետո պաղեստինցի ժողովուրդը ապրում է իր պատմության «ամենավտանգավոր շրջաններից մեկը»։
«Գազայի հատվածում մեր ժողովուրդն իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից ենթարկվում է սպանությունների, ավերածությունների, սովի և տարածքից դուրս մղելու փորձերի, ինչպես նաև ցեղասպանական պատերազմի, որը հանգեցրել է աննախադեպ հումանիտար աղետի»,- հայտարարել է Աբբասը։
Դոնալդ Թրամփի վարչակազմը Աբբասին արգելել է մուտք գործել ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, ինչի հետևանքով տարեց պաղեստինցի առաջնորդը ստիպված էր ելույթ ունենալ տեսակապով Ռամալլայից՝ օկուպացված Արևմտյան ափից։
Աբբասը միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել երկու պետության ստեղծման լուծման կենսունակությունը՝ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում բնակավայրերի շարունակվող ընդլայնման և Գազայի պատերազմի ֆոնին։
«Դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ և պատասխանատու միջամտությունը»,- հայտարարել է Աբբասը։
«Մենք վաղուց էինք զգուշացնում միջազգային հանրությանը՝ թե՛ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, թե՛ Անվտանգության խորհրդի միջոցով, որ միջազգային իրավունքը խախտող Իսրայելի այս քաղաքականությունը կկործանի երկու պետության ստեղծման լուծումը։ Հենց դա էլ այժմ տեղի է ունենում»,- ասել է Աբբասը։
Նա հայտարարել է նաև, որ Իսրայելը պահում է ավելի քան 6 միլիարդ դոլար, որոնք պետք է փոխանցվեին Պաղեստինի ինքնավարությանը, և պահանջել է վերադարձնել այդ միջոցները։ Աբբասն ընդգծելէ, որ գումարների փոխանցումը արգելափակել է Իսրայելի ֆինանսների նախարարը, որը ներկայացնում է ծայրահեղ աջ ուժերը։ Աբբասը կոչ է արել ազատել այդ միջոցները՝ Արևմտյան ափում ծանր ֆինանսական վիճակը թեթևացնելու համար։
Աբբասը նաև կոչ է արել իրականացնել դադարեցված 20 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը, որը մշակվել էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ։ Նա հավելել է, որ Պաղեստինի ինքնավարությունը իրականացրել է այդ ծրագրով նախատեսված անհրաժեշտ բարեփոխումները, սակայն Թրամփի վարչակազմը հրապարակայնորեն գրեթե չի համագործակցել Պաղեստինի ինքնավարության հետ։
«Պաղեստինցի ժողովուրդը կմնա իր հողի վրա։ Պաղեստինցի ժողովուրդը չի համաձայնի արտաքսմանն ու չի անհետանա։ Ոչ ռազմական օկուպացիան, ոչ բնակավայրերի ընդլայնումն ու բռնակցումը, ոչ էլ իսրայելացի վերաբնակիչների կողմից իրականացվող ահաբեկչությունը չեն կարող լինել լուծում կամ երկարաժամկետ անվտանգություն ապահովել»,- հայտարարել է Աբբասը։




























