Հայաստանի նախագահ Սարգսյանը փետրվարի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանը 2009թվականը շատ արդյունավետ է համարել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսակետից եւ ասել, որ երկու երկրներն առաջընթաց են արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում, եւ 2010 թվականը եւս սկսել են բավականին ինտենսիվ:
ՌԴ առաջին փոխվարչապետը եւս նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ կապերը դրականորեն են զարգանում: Իգոր Շուվալովը նշել է, որ իր հայաստանյան այցի նպատակը 2010-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ առաջիկա անելիքների քննարկումն է: «Մենք արդեն հաստատել ենք մեր նախագահության հայեցակարգն, ունենք շատ հագեցած օրակարգ, եւ ես երկրի ղեկավարությունից հանձնարարական եմ ստացել օրակարգային առաջնահերթությունները քննարկել Հայաստանի ղեկավարության հետ եւ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իմ գործընկերների հետ»,-ընդգծել է նա:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության շրջանը դրական եւ արդյունավետ կլինի կառույցի հետագա ամրապնդման ու զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում եւ տարբեր կազմակերպությունների շրջանակում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը զուգընթաց, հետեւողական աշխատանքն ու ջանքերը լրացուցիչ հնարավորություններ կբացեն 2010 թ. երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:
Իգոր Շուվալովը Հայաստանի Հանրապետության նախագահին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերը` մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:




























