Միջերկրական ծովում Ռուսական ռազմածովային նավատորմի զորավարժությունները նպաստում են տարածաշրջանում իրադրության կայունացմանը, Սիրիայի հակամարտության սրման հետ կապ չունեն: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին 2012թ. արտաքին քաղաքական տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու նպատակ չունեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը, Չինաստանն ու ՄԱԿ-ը փորձում էին հանդարտեցնել հակամարտող կողմերին եւ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել: Նա ընդգծել է այդ հարցում Արեւմուտքի բացասական դերակատարությունը, որը աջակցում է սիրիական ընդդիմությանը եւ միայն խոսքով է փորձում աջակցել բանակցային գործընթացին:
Արտգործնախարարը հավելել է, որ Սիրիայում ՌԴ դեսպանատունը գործում է բնականոն աշխատակարգով:





























