Ադրբեջանական քարոզչությունը եւ մեծ փողերն իրենց գործն անում են՝ անկախ ամեն ինչից: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Փորձագետը հիշեցրել է, որ հարեւան պետության օրենսդրությունը ենթադրում է իր օդային սահմանը «խախտած» ինքնաթիռների ոչնչացում: Ըստ նրա՝  Միջազգային կառույցների՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ համարժեք արձագանքը զարմանալի է: «Կարծում եմ, որ դա Ադրբեջանի հերթական քարոզչական քայլն է, քանի որ այնտեղ քաջ գիտակցում են, որ հայկական կողմից համարժեք պատասխան կստանան»,- ընդգծել է Սարգիս Ասատրյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի այդ քայլն ուղղված է երկրի ներքին լսարանին:

Նախորդ շաբաթ Ադրբեջանի կառավարությունը հայկական ինքնաթիռները կործանելու «հիմք» նախապատրաստող որոշում էր ընդունել, ըստ որի՝ երկրի օդային տարածքից օգտվելու կարգի խախտումներ են համարվում առանց հարցման, առանց համապատասխան օպերատիվ մարմնի թույլտվության, թռիչքների կառավարման կենտրոնի կամ հետապնդող կործանիչի հրահանգներին չհետեւելու, ինչպես նաեւ արգելված գոտիներում թռիչքների կամ սահմանափակ թռիչքների գոտում առանց հատուկ թույլտվության թռիչքները։ Թռիչքը դադարեցնելու վերաբերյալ հրամանը չկատարելու դեպքում հերթապահ ինքնաթիռները կամ ուղղաթիռները   օդ են բարձրանում եւ ստիպում խախտում կատարած օդանավերին վայրէջք կատարել  մերձակա օդանավակայանում: Եթե օդանավը հրաժարվում է հարկադիր վայրէջքից, ապա, դրանում անմեղ ուղեւորների գտնվելու մասին հստակ տեղեկության բացակայության դեպքում,  թույլատրվում է ոչնչացնել այն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am