Թուրքիայում վաճառքի է հանվել դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին լույս տեսած «Լռության ձայնը 2. խոսում են դիարբեքիրցի հայերը» գիրքը։

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից տարվող աշխատանքների շրջանակներում լույս տեսած գրքում տեղ են գտել Դիարբեքիրում, Ստամբուլում, Լիբանանում, Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Կանադայում ապրող դիարբեքիրցի հայերի պատմությունները։

Գրքի նախաբանում թուրք հայտնի լրագրող Ալի Բայրամօղլուն նշում է, որ այս գիրքը շատ կարեւոր է Դիարբեքիրի քաղաքապետարանի եւ հայկական կազմակերպությունների համագործակցության արդյունքում Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման համատեքստում։

Նախագիծն իրականացվում է 2011-ից սկսված «Լռության ձայնը. խոսում են Թուրքիայի հայերը» խորագրի ներքո։ Նպատակներ կան այս աշխատանքները դարձնել շարունակական։