Հունվարի 21-ին Վանաձորում սննդային թունավորմամբ ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված ընտանիքի երեք անդամները դեռեւս դուրս չեն գրվել: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Նունե Էվինյանը, նշելով, որ ընտանիքի անդամները՝ 17-ամյա Արսեն Խառատյանը, 50-ամյա Վլադիմիր Խառատյանը եւ 46-ամյա Ալինա Ադամյանը  դեռեւս համապատասխան բուժօգնություն են ստանում եւ դուրս կգրվեն հավանաբար մի քանի օրից: Այն հարցին, թե ինչն է եղել թունավորման պատճառը, Էվինյանն ասաց, որ դա դեռեւս պարզ չէ, քանի որ իրենք մի քանի տեսակի սնունդ են կերել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Հունվարի 21-ին, ժամը 13.00-ին,  հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում  հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչներ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են  հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքի Գայի պողոտայում գործող մի  խանութից գնած խմորեղենը ուտելու հետեւանքով: Ոստիկանության Վանաձորի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: