Այն, որ ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները եւ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, հանդես են գալիս պատերազմի վերսկսման կանխատեսումներով, կամ առնվազն չեն բացառում դա, ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ ասպեկտներ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, օբյեկտիվն այն է, որ իսկապես, պատերազմի հավանականությունը մեծացել է, քանի որ երկար ժամանակ միջազգային հանրությունը համարժեք կոշտ արձագանք չի տվել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, բավարարվելով միայն մտահոգություն հայտնելով, ինչն էլ Ադրբեջանն ընկալել է որպես թողտվություն: Ավելին, Սաֆարյանի խոսքով, Ադրբեջանը կարողացել է միջազգային կառույցներում ընդունել տալ տարածքային ամբողջականությունը հաստատող մի քանի փաստաթղթեր, դրանով լեգիտիմացնելով պատերազմի դիմելու իրավունքն ու սպառնալիքը:
«Իսկ սուբյեկտիվն, այս հայտարարություններում, այն է, որ սրանով, ինչ-որ առումով սարսափեցնում են հայկական կողմին, որպեսզի նա պատերազմից խուսափելու համար փոխզիջումների գնա ԼՂ հարցում: Նման տեխնոլոգիաներ միշտ են օգտագործվել, եւ հայկական կողմին հասկացնում են, որ լավագույն այլընտրանքը փոխզիջումային տարբերակն է, իսկ վատագույնը` պատերազմը եւ, հետեւաբար, սա կողմերի վրա ազդելու հնարք է»,- ընդգծեց «Ժառանգության» պատգամավորն ու հավելեց. «Երրրոդ ուղերձն էլ կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ եւ, ըստ էության, Հայաստանին անուղղակի հասկացվում է, որ եթե նա չի ցանկանում, որ Թուրքիան միջամտություն ունենա այս գործընթացում, ապա պետք է հայ-թուրքական գործընթացը առաջ մղի: Սա բավականին լուրջ հոգեբանական բնույթի ճնշում է, հայ-թուրքական եւ ղարաբաղյան փակուղիները վերացնելու համար»:




























