Հայաստանից եւ Արցախից լրագրողների մի խումբ այցելել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանական բանակի առաջնային ստորաբաժանումները՝ Մարդակերտի ու Մարտունիի պաշտպանական շրջաններում։ Լրագրողները ծանոթացել են առաջին գծի եւ ստորաբաժանումներում եղած իրավիճակին, նաեւ ծառայություն տանելու պայմաններին ու զինծառայողների կենցաղին։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, խումբը այցելել է Մարդակերտի շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զիված ուժերի սահմանակից գծի տեղանք, որտեղ 2008 թ-ի մարտի լույս 4-ի գիշերը տեղի էր ունեցել լուրջ դեպք։

Մարդակերտի պաշտպանական շրջանի N դիվիզիայի հրամանատարի տեղակալ Նորայր Մկրտչյանը ասել է, որ զինվորների մարտական ոգին այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա։

Մարդակերտի պաշտպանական շրջանի N գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Պետրոսյանը պատմել է այդ գիշերվա իրադարձությունների մասին, երբ Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ջոկատը փորձել էր գրավել ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերից մեկը։ Ըստ հրամանատարի, հրաձգությունը մի քանի ժամ անընդմեջ շարունակվում էր, ադրբեջանցիները նահանջել էին՝ ունենալով ավելի քան 10 զոհվածներ եւ թողնելով հրամանատարի դին Արցախի դիրքերում։ Այդ ժամանակ ղարաբաղյան կողմից միայն երկու զինծառայող էր վիրավորվել։ Գումարտակի հրամանատարի կարծիքով, այսօր տվյալ տեղամասի դիրքերը ավելի ամուր են, ընդհանուր իրավիճակը հարաբերական հանգիստ է եւ ամբողջապես վերահսկվում է ԼՂՀ պաշտպանական բանակի կողմից։ Սակայն, հրամանատարը հավելեց, որ հակառակորդը ամեն օր գնդակոծում է ղարաբաղյան դիրքերը՝ սնայպերական զենքից, ավտոմատներից եւ գնդացիրներից ու մերոնք ստիպված դիմում են պատասխան միջոցների։ Ինչպես նշել է Պետրոսյանը, հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովմանը։ Այս առնչությամբ, 2009 թվականին կորուստներ եւ վիրավորներ չկան։