«Արաբկիր» բժշկական կենտրոնում էներգիայի արտադրության համակցված կայան է տեղադրվել։ Կայանը բժշկական կենտրոնը կապահովի էլեկտրաէներգիայի լոկալ սնուցմամբ, եւ կբացառի էլեկտրաէներգիայի անջատումները։ Ըստ կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի՝ վիրահատությունների ընթացքում էլեկտրականության անջատումները հազվադեպ չէին։ «Նախկինում, երբ էլեկտրականությունը տատանվում էր կամ անջատվում, չէինք կարողանում սարքավորումները օգտագործել, այսինքն՝ վիրահատությունը գրեթե անհնար էր լինում շարունակել։ Այսօր, եթե նույնիսկ ամբողջ թաղամասում էլեկտրականություն չլինի մենք կարող ենք հանգիստ շարունակել մեր վիրաբուժական գործողությունները»,-ասաց Ա. Բաբլոյանը՝ ավելացնելով, որ համակարգն աշխատելով բնական գազով, բացի էլեկտրաէներգիայից, նաեւ մշտական տաք ջուր կապահովի կենտրոնին։
155.000 դոլար արժողությամբ էներգիայի արտադրության համակցված կայանը կենտրոնին փոխանցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) էներգաարդյունավետության նախագծերի առևտրայնացման ծրագրի շրջանակներում:
Տեղեկացնենք, որ 2007 թվականից սկսած ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նման համակարգերի աշխատանքները ևս 17 հաստատություններում, որոնց թվում են սահմանափակ ռեսուրսներ ունեցող հաստատություններ` հիվանդանոցներ, ինչպես նաև սոցիալական, խնամատարական հաստատություններ:



























