«ՉԻ» խմբագրությանն երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Արաբկիր համայնքում «Փարոս» սոցիալական ծառայության տարածքային տեսուչները զանգահարում, ինչպես նաեւ այցելում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ` նրանցից հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Լսելով քաղաքացիներին` նրանք վերջում հորդորում-հրահանգում են անպայման մասնակցել ընտրություններին, եւ այս անգամ էլ, բայց արդեն վերջին անգամ, ձայն տալ Սերժ Սարգսյանին: Զանգահարող քաղաքացիների հետ զրույցներից մեր թղթակիցը պարզել է, որ ամեն տեսուչ ունի իր «անապահովների», այսինքն` «Փարոս» սոցիալական ծառայությունից օգտվողների ցուցակը: Եվ հենց այց ցուցակներով էլ տեսուչները աշխատում են` որոշներին խաբելով, թե` եթե չընտրեն Սելժ Սարգսյանին, ապա իրենք կհաղորդեն վերադաս մարմնին, որի արդյունքում` նշված քաղաքացին արդեն դուրս կմնա «Փարոս» համակարգից»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։