Ըստ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի՝ քաղաքապետարանի գլխավոր պաշտոններում ոչ մի փոփոխություն չի եղել։  Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

 «Ըստ նրա՝ այդ գլխավոր պաշտոնները 3-ն են՝ իր եւ առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական ծառայության տարածքային եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների պետի պաշտոնները։

Հայեցողական պաշտոններում առայժմ միայն մեկ նշանակում կա. քաղաքապետի մորաքրոջ տղան՝ Էդիկ Հովսեփյանը նշանակվել է քաղաքապետի օգնական։

Ոչ մի մարդ աշխատանքից չի ազատվել։ Միայն ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի փակվելու հետեւանքով բաժնի պետն իր պարտականությունները ավարտելուց հետո կազատվի աշխատանքից։ Նշված բաժնի աշխատակիցներից գլխավոր մասնագետ Գագիկ Մկրտչյանը նշանակվել է ճարտարապետության-քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ։  Նույն բաժնի առաջատար մասնագետ Տաթեւիկ Սիմոնյանն աշխատանքի է նշանակվել  քարտուղարություն բաժնում։ Նա աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի դուստրն է։ Հայտնի չէ՝ բարեկամական կամ այլ ինչ կապ կա նրանց ու քաղաքապետի միջեւ. նրանք նույն հայտնի Ղշլաղ գյուղից են։

Փակված՝ ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի փոխարեն քաղաքապետարանում ստեղծվել է ներքին աուդիտի բաժինը, որի բաժնի պետ-գլխավոր աուդիտոր է նշանակվել քաղաքապետի նորանշանակ օգնականի՝ Էդիկ Հովսեփյանի կինը՝ Մարինե Չատինյանը, ով մինչ այդ աշխատում էր ֆինանսական բաժնում՝ որպես գլխավոր աուդիտոր»,- գրում է «Ժամանակ» թերթը։