Իր անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Facebook»-ում գրառումներ կատարելով է զբաղված, հունվարի 25-ի մամուլի ասուլիսում նշել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝մեկնաբանելով նախարարի այն խոսքերը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել կրթական հաստատություններում, ինչը անօրինական է:
«Երեկ ես պարզապես մի քանի բուհերի գրադարաններին որդուս գիրքը նվիրեցի, դա քարոզչություն չէր: Միաժամանակ կցանկանայի նախարարին հիշեցնել, որ ինքն էլ է քաղաքականացված բուհի շրջանավարտ: Ըստ Հովհաննիսյանի՝ ինքը ժամանակին ուսանողության հետ հանդիպելու թույլտվության համար դիմել է նախարարություն, որտեղից մերժում է ստացվել:
Նշենք, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Facebook»-ի իր էջում գրել էր. «Մանկավարժական համալսարանից ճշտեցի, որ իրականում այսօր արձանագրվել է մի անօրինական եւ տխուր դեպք: ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել կրթական հաստատության տարածքում:
Մարդ, որ իշխանություններից ակնկալում է օրինական ընտրություններ եւ հավասար հնարավորություններ, ինքն է կոպտորեն խախտում օրենքները: Իրավաբանության դոկտոր, ժողովրդավարության փարոս, օրինականության ջատագով, ազնվության պատվար եւ, վերջապես, քաղաքական հրեշտակ թեկնածուին մեղմ ասած, չի սազում նման գործելաոճը: Հույս ունենամ, որ դա այլեւս չի կրկնվի»:




























