Ադրբեջանական «Էխո» թերթը անհանգստություն է արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ երկրի հյուսիսային շրջաններում նկատվում է անցանկալի ու տագնապ հարուցող միտում: Այնտեղ իր համար պարարտ հող է գտնում կրոնական քարոզչությունը։

Երեկ Գաղիի շրջանային վարչության ոստիկանությունը բերման է ենթարկել կրոնական անօրինական քարոզչության մեջ կասկածվող Մինգեչաուրի բնակիչներ Էլնուր Իբրահիմովին, Մայիս Աբդուլաևին և Շուքյուր Բաբաշևին։ Նրանցից առգրավվել է ծայրահեղական բովանդակության գրականություն՝ նուրսիզմ, քարոզող 10 գիրք ու 4 սկավառակ։ Վերոհիշյալ անձանց վտարել են շրջանի տարածքից։

Հատկանշական է, որ վերլուծելով այս ամենը, փորձագետ Քյամիլ Սելիմովը փորձում է ստեղծված իրավիճակը բացատրել նրանով, որ Ռուսաստանի դաշնային մարմինները չեն կարողացել համապատասխան վերահսկողության համակարգ հաստատել այդ տարածքում։ Նրա կարծիքով, հենց Հյուսիսային Կովկասից են Ադրբեջան թափանցում կրոնական տարբեր անցանկալի ուղղություններ։

Սելիմովը կարծում է, որ Հյուսիսային Կովկասում լիովին բացակայում է լիիրավ իշխանությունը և, ամենակարևորն այն է, որ այդ տարածաշրջանում ահա արդեն 15 տարի է , ինչ ծաղկում է կրոնական ծայրահեղականությունը։ Իսկ որպես դրա գլխավոր պատճառ կարելի է համարել այն հանգամանքը, որ Հյուսիսային Կովկասի ինքնավար հանրապետությունների մեծ մասը չունեն ՝ բնակչության կյանքի մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման սոցիալ-տնտեսական ներուժ։ Նախ և առաջ, մարդիկ չունեն աշխատանք և այլն։

Այնուհետև, վկայակոչելով հենց իր սեփական վերոհիշյալ խոհերը, Սելիմովը գալիս իր տեսանկյունից տրամաբանական այն եզրակացության, որ, եթե սահմանակից երկու պետություններից մեկում ծաղկում է ծայրահեղականությունը, ապա այն անպայման կթափանցի մյուս երկրի սահմանակից տարածքներ։ Սակայն Սելիմովը ուշադրության չի առնում կամ էլ չգիտի այն հանրահայտ ճշմարտությունը, թե «նմանը զնմանին կգտանե»։ Ելնելով այս անվիճելի ճշմարտությունից, կարելի կլիներ հանգել լիովին այլ եզրակացության։ Օրինակ՝ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում Ադրբեջանի վարձկանների ակտիվ գործունեության մասին։ Դրանցից ոմանք, մասնավորապես Չեչնիայում և Ինգուշիայում հենց օրերս են վնասազերծվել ՌԴ ուժային կառույցների կողմից, որոնք փորձում էին կարգ ու կանոն հաստատել այդ տարածաշրջանում։