Վճարային տերմինալների միջոցով բանկային գործառնությունների աճի տեմպը դեռեւս մեծ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ինեկոբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «Կանոնավոր կերպով վճարումներն ինքնասպասարկման տերմինալների միջոցով ընդունում ենք հունվարից` դեկտեմբերին դրանք փորձարկելուց հետո: Վճարումների շրջանառությունն առայժմ մեզ չի գոհացնում, սակայն ծառայությունից չենք հրաժարվում եւ կտարածենք այն»,-հայտարարեց Ա. Բալոյանը:

Նրա խոսքով` ծառայության պոպուլյար չլինու պատճառներից մեկը կարող է լինել բանկային ծառայողի հետ ֆիզիկական շփման բացակայությունը: «Հնարավոր է, հաճախորդներն ավանդույթի համաձայն նախընտրում են բանկային բաժինը»,-նշեց նա:

Նշենք, որ «Ինեկոբանկը» եւ վճարային համակարգի օպերատոր «Տել-Սելլ» ընկերությունը համագործակցության համաձայնագիր էին կնքել 2012 թ. դեկտեմբերին: Ըստ համաձայնագրի` բանկի հաճախորդները կարող են ընթացիկ եւ խնայողական հաշիվների համալրում, վարկերի մարում իրականացնել: