«Հայաստանից Ռուսաստան արտահանվող մթերքների հանդեպ այսօրվա դրությամբ պաշտոնական որեւէ արգելք չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը՝ մեկնաբանելով ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Վորոնեժի օդանավակայանում այրում են մի շարք երկրներից, այդ թվում եւ Հայաստանից ներկրված մթերքները։

Ոլորտի պատասխանատուի խոսքով, սննդամթերքի վրա արգելք է դրվում բացառապես մասնավոր դեպքերում, երբ առանձին ուղեւորների մոտ առանց համապատասխան փաստաթղթերի մթերք է հայտնաբերվում: «Եթե մի մարդ իր հետ մի կտոր վետչինա է տարել Ռուսաստան, այդ դեպքում նման բան հնարավոր է, բայց պաշտոնական մակարդակով այդպիսի արգելք գոյություն չունի»,- վստահեցրեց Գրիշա Բաղյանը՝ ավելացնելով, որ 2009թվ. դեկտեմբերի 1-ից Հայաստանն իրավունք է ստացել Ռուսաստան արտահանել նույնիսկ մինչ այդ արգելված այնպիսի ուտելիք, ինչպիսին ձկնամթերքն է։

Նշենք, որ ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ Վորոնեժի օդանավակայանում հատուկ վառարանում այրում են Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Գերմանիայից ներկրված բոլոր մթերքները։