«Այսօր հայ ինտերնետ օգտագործողների հաճախելիության 70%-ից ավելին մինչև անգամ 90%-ը արտաքին բովանդակությունն և արտաքին ռեսուրսներն են, քանի որ նմանատիպ ծառայություններ կամ վեբ կայքեր քիչ կան հենց Հայաստանի ներսում»,- NEWS. am-Ինովացիա-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Ըստ նրա` հայերեն կայքերի ավելացման դեպքում, մարդիկ կսկսեն ավելի շատ օգտվել հենց հայերեն բովանդակությունից, այդպիսով, կախվածությունը արտաքին ռեսուրսներից կպակասի, ինչը նաև ռազմավարական կարևորության խնդիր է. «Նախ, եթե մենք կախվածության մեջ ենք օրինակ Վրաստանով անցնող մալուխից, ապա, եթե այն կտրվի, ուրեմն կյանքը մեռնում է: Եվ իհարկե արագագործության և գնի տեսակետից. եթե բովանդակությունը տեղադրված է Հայաստանում և հայերեն է, բնականաբար, ավելի շատ մարդիկ կօգտվեն դրանից, փաստորեն` հաճախելիությունը կավելանա, ինտերնետի որակը կբարելավվի, և գները կիջնեն»,- ասում է Գ. Բարսեղյանը:

Ինտերնետում հայերեն բովանդակության զարգացմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքում, ընկերությունը որոշել է ներդրումներ իրականացնել կրթական ոլորտում, քանի որ. «Միջնակարգ դպրոցներում ունենք մոտավորապես մինչև 0,5 մլն ուսուցիչներ և աշակերտներ, հետևաբար այդքան մարդու կարող ենք ներգրավել»,- նշում է Գ. Բարսեղյանը:

Այսպիսով, ստեղծվել են հայերեն բովանդակություն երկու մեծ պորտալներ` itn.am (innovative teachers’ network), որը շփման, քննարկումների, փորձի փոխանակման պորտալ է հենց ուսուցիչների համար և մյուսը` mlg.am, սա արդեն հեռավար ուսուցման համակարգ է, որտեղ ծնողները, ուսուցիչները, աշակերտները կարող են շփվել և կիսվել իրենց նորություններով:

«Եթե Երևանում դպրոցները քիչ թե շատ ունեն բարձրակարգ և որակյալ մանկավարժներ, ապա շրջաններում մենք լուրջ խնդիրներ ունենք. հաճախ ինչ-որ գյուղում մի մասնագետը դասավանդում է տարբեր առարկաներ: Բայց, միևնույն ժամանակ, օրինակ` Ֆիզմաթի դպրոցում, մենք ունենք ֆիզիկայի, մաթեմատիկայի բարձորակ մասնագետներ: Օգտագործելով տեղեկատվական- հեռահաղորդակցման տեխնոլոգիաները այդ ուսուցիչները հասանելի են դառնում նաև շրջանների համար` նվազագույն ծախսերով»,- ասում է Գ. Բարսեղյանը:

Նոր տեխնոլոգիաների կիրառման և ներդրվող համակարգերի շնորհիվ շուտով միջնակարգ դպրոցներում հնարավոր կլինի օնլայն աուդիո-վիդեո համաժողովներ, դասընթացներ կազմակերպել, իսկ լավ ուսուցչի դասին կարելի է միանալ իրական ժամանակում և հարցեր տալ (սա mlg.am-ի մասերից է): Ի դեպ, ԿԳ նախարարության հետ համագործակցության արդյունքում ծրագրվում է լավագույն դասընթացները ձայնագրել և տեղադրել պորտալում:

«Մենք տեղական բովանդակություն ենք ստեղծում և օգտագործում ենք տեղական ցանցեր, որպեսզի որքան հնարավոր է նվազեցնենք մեր կախվածությունը դրսից: Միևնույն ժամանակ օգտվել տեղական ռեսուրսներից, տեղական պորտալներից, սա անհամեմատ ավելի էժան է»,- նշում է Գ. Բարսեղյանը: