Մեքսիկայի Նուեվո Լեոն նահանգի գաղտնի գերեզմանոցում հայտնաբերվել է 12 դիակ. դրանք կարող են պատկանել Kombo Kolombia խմբի առեւանգված երաժիշտներին:

Ըստ Նուեվո Լեոնի կառավարության մամուլի քարտուղարի` չորս մարմինների ինքնությունն արդեն պարզվել է. երաժշտախմբի անդամներինն են: Հարձակումը կազմակերպել էին անհայտ հանցագործները` երաժիշտների առեւանգման եւ սպանության նպատակով, նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարվել էր հունվարի 25-ի գիշերը, երբ երաժիշտները համերգ էին տվել Իդալգո քաղաքում: Կորել էր խմբի 20 անդամ: Նրանցից մեկին հաջողվել էր փախչել առեւանգիչներից, հենց նա էլ  ահազանգել էր:

Kombo Kolombia խումբը հայտնի էր Նուեվո Լեոն նահանգում, այն կատարում է կոլումբիական ոճի երաժշտություն: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ խումբը բազմիցս ելույթ է ունեցել երկրի հյուսիսային մասում գործող հանցախմբերի հարձակմանը ենթարկվող բարերում եւ գիշերային ակումբներում: