Այսօր` հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:

«Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում եւ այժմ նորընտիր գահակալիդ կորովի գործունեությամբ պիտի նոր զարթոնք ու շինություն ապրի: Աստծո երկնահեղ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ նախանձախնդրորեն պիտի շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի», - ասվում է շնորհավորագրում:

Գարեգին Բ-ն մաղթել է, որ բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, եւ առավել զորացնի Երուսաղեմի հայոց պատրիարքությունը` ի փառս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի: