Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում կաթոլիկ հոգեւորականի հանդերձավորմամբ լատինամերիկացի թմրամատակարարի են ձերբակալել: Նա իր ստամոքսում փորձել է կես կիլոգրամից ավելի կոկաին տեղափոխել, եւս 200 գրամ նրա ճամպրուկում է եղել:
«Ինտերֆաքս»-ին թմրանյութերի վերահսկողության պետական ծառայությունից հայտնել են, որ ուշադրություն է գրավել օտարերկրացու հանդերձանքը: Նրան տարել են տեղի հիվանդանոցներից մեկը, որտեղ պարզվել է, որ տղամարդու աղեստամոքսային տրակտում կոկաինով 13 անոթ կա: Եւս հինգը հանել են նրա ճամպրուկից: Թմրամատակարարը Կոլումբիայի քաղաքացի է՝Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգես անունով: Ըստ փաստաթղթերի՝ նա Բոգոտայի հոգեւորականներից է:
Դաշնային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ թմրավաճառները հանուն բիզնեսի զարգացման ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում՝ ներգրավելով ամենահարգված մասնագիտությունների անձանց, իսկ հոգեւոր կոչում կրողները ենթակա են աշխարհիկ գայթակղություններին եւ թուլություններին:




























