Որքան ԼՂ խնդրով զբաղվող միջնորդները կոնկրետություն են մտցնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընթացող բանակցություններում, այնքան սուր են դառնում նրանց դիրքորոշումներում առկա հակասությունները: Անվտանգության հարցերով եվրոպացի փորձագետ Սիմոն Մանուկյանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ պարտավորությունների բեռի տակ են: «Խաղը գնում է նյարդերի վրա: Իմանալով, որ բանակցությունները լքել ու պատերազմը վերսկսել անհնար է, Ադրբեջանը ստեղծել ու փորձում է օգտագործել ինքնատիպ լծակ, հայկական կողմի եւ միջնորդների վրա ճնշումներ գործադրելու համար: Դա ուժի գործադրման սպառնալիքն է, սակայն ՀՀ ներկայացուցիչները բավական հանգիստ են արձագանքում նման մարտավարությանը, հասկանալով, որ առանց Թուրքիայի կողմից ռազմական աջակցության Ադրբեջանը չի համարձակվի լայնամասշտաբ պատերազմ սկսել: Այլ խնդիր է, որ մինչեւ նման կերպ սրելով իր հռետորությունը, Ադրբեջանը ստիպված է լինելու իր խոսքերն ապացուցել գործողություններով, ուստի արդեն մեծացնում է դիվերսիոն ակտիվությունը ճակատային գծում: Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը կփորձի որոշ հատվածներում խախտել կայունությունը եւ կայծակային հարձակումներ գործել որոշ կարեւոր բարձունքների ուղղությամբ եւ այլն»,- նշել է փորձագետը:

«Մոսկվայում մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ հռչակագրի ստորագրման ֆոնի վրա, Ալիեւի միլիտարիստական հայտարարությունները ինչ-որ պահի կդադարեն լուրջ ընդունվել: Մի կողմից հակառակորդի հետ հանդիպումներում առկա կառուցողականությունը, մյուս կողմից Բաքվի բազեական ծղրտոցները ծիծաղելի են, սակայն միաժամանակ նաեւ վտանգավոր: Ալիեւը դա հասկանում է, բայց շարունակում է կամավոր նեղացնել իր մանեւրելու դաշտը: Այժմ նա ընտրության առաջ է կանգնած. Կամ գոնե մասնակի իրականացնել իր սպառնալիքները, կամ Սերժ Սարգսյանի հետ ստորագրել երկրորդ` ավելի կարեւոր փաստաթուղթը: Այլ տարբերակ չկա: Կա, իհարկե, եւս մեկ տարբերակ` քաղաքական ու զինվորական էլիտաների միջեւ տարաձայնությունների իմիտացիա կազմակերպել: Այդ դեպքում Ադրբեջանի նախագահը մի կողմից կժպտա եւ կխոսի խնդրի խաղաղ կարգավորումից, մյուս կողմից կներկայացնի, իբր զինվորականներն արդեն չեն համբերում ռեւանշ վերցնել եւ նետվել են մարտի: Այդ դեպքում, հայկական կողմը պետք է պատրաստ լինի կոշտ ձեւով կանխել սադրանքները շփման գծում, իսկ դիվանագիտական ասպարեզում օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը, Ալիեւին ստիպելով իր առջեւ տեսնել ԼՂ նախագահի ժպիտը»: