Սիրիայի իշխանությունները նախօերին պաշտոնապես հաստատել են Իսրայելի ռազմական ինքնաթիռների ներխուժումը երկրի օդային տարածք:

Սիրիայի պետական լրատվամիջոցները տարածել են  Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի գերագույն հրամատարության եւ զինված ուժերի  հայտարարությունը, որում ասված է, որ հունվարի 30-ին Իսրայելի ռազմական ինքնաթիռները ներխուժել են Սիրիայի օդային տարածք եւ ռմբակոծել Դամասկոս նահանգի Ջամրայ  շրջանի գիտահետազոտական կենտրոնը: 

Հասցվել է  նյութական մեծ վնաս, զոհվել է երկու աշխատակից, եւս հինգ մարդ վիրավորվել է, նշվում է Սիրիայի ռազմական հրամանատարության հաղորդագրության մեջ:  «Ջամրայում շինության ոչնչացումը Սիրիայի ինքիշխանության խախտում է:

Այդ հարձակումն ապացուցում է Թուրքիայի եւ Կատարի հետ մեկտեղ Իսրայելի անմիջական մասնակցությունը Սիրիայի դեմ ահաբեկչական գործողությանը:  Նոր ագրեսիվ  գործողությունը չի թուլացնի Սիրիային եւ նրա ժողովրդին չի ստիպի հրաժարվել ազատագրական շարժումներից», - ընդգծվել է հայտարարության մեջ:

Իսրայելի իշխանություններն առայժմ Սիրիայի օդային տարածքը խախտելու պաշտոնական  հայտարարություններով հանդես չեն եկել: