Առաջիկայում «Սերդյուկովի ամառանոցի» բարեկարգման ժամանակ տեղ գտած չարաշահումների աղմկոտ գործում կարող է նոր դրվագ ավելանալ՝ կապված «Չկալով ավիա» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը պետության հաշվին առեւտրային օբյեկտ է տեղափոխելVIP անձանց եւ զինծառայող-շինարարների: «Չկալով ավիա»-ի գրասենյակներում խուզարկություններ են կատարվել, հարցաքննվել է ընկերության ղեկավար Աննա Տրետյակովան, գրում է «Կոմերսանտ»-ը:

Խուզարկությունները կապված են եղել պաշտպանության նախկին նախարարի քրոջ ամուսնուն՝Վալերի Պուզիկովին պատկանող «Ժիտնոյե» հանգստյան էլիտար կայանի բարեկարգման աշխատանքների ժամանակ տեղ գտած չարաշահումների հետ:

Նախկին նախարարի օրոք գերատեսչությունը պետական միջոցներով կանաչապատել է օբյեկտը, որը ոչ պաշտոնապես անվանում են «Սերդյուկովի ամառանոց», եւ կայանից մինչեւ ձկնորսարաններ ճանապարհ կառուցել:

Քննությունը պարզել է, որ ճանապարհը հիմնականում կառուցվել է ռազմական ավիացիայի տեխնիկայով եւ նյութերով: Իսկ VIP անձանց փոխադրումներն իրականացրել է «Չկալով ավիա»-ն, որը VIP չվերթներ է կազմակերպել ոչ միայն երկրի ներսում, այլեւ սահմանից դուրս:

Հրատարակչությունը նաեւ նշում է, որ «Չկալով ավիա»-ի տնօրեն Աննա Տրետյակովան, հավանաբար,  նախկին նախարարի օրոք լավ կապեր է ունեցել պաշտպանության նախարարությունում: Համենայն դեպս, հենց պարոն Սերդյուկովի օրոք է ստեղծվել նրա ընկերությունը, իսկ նրա մայր Ելենա Տրետյակովան «Ժիտնոյե» հանգստավայրի տնօրենն է: