Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն այսօրվանից սկսում իր նախընտրական քարոզարշավը: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Սեդրակյանը հիշեցրեց, որ հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ, երբ ՊՆ-ն միջոցառում էր կազմակերպել, դրան մասնակցել է նաեւ «նախագահի թեկնածուներից մեկը», սակայն ոչ թե որպես նախագահի թեկնածու, այլ` բանակի գերագույն գլխավոր հրամանատար, ինչն, ըստ Վարդան Սեդրակյանի, բացահայտ անհավասարության դրսեւորում է: Եվ դա այն պայմաններում, երբ իրենց արգելվում է բանակում քարոզարշավ իրականացնել:
«Ավելին, ոչ մի խոսք չի ասվում, թե ովքեր են բանակը ստեղծել, այլ միայն խոսվում է Սերժ Սարգսյանի հերոսությունների մասին: Ռոբերտ Քոչարյանը դեռ թույլ էր տալիս, որ խոսվի Սամվել Բաղդասրյանի մասին: Այս տարի խոսվեց միայն Սերժ Սարգսյանի եւ որպես ֆիլմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մասին: Իսկ, եթե տեղյակ չեն, ուզում եմ ասել, որ հայկական բանակը ստեղծվել է ՀՀ առաջին նախագահի հրամանագրով: Խեղաթյուրվում եւ ջնջվում են բոլոր այն մարդկանց անունները, ովքեր տարաձայնություններ ունեն Սերժ Սարգսյանի հետ»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























