Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը շարունակում է բազկաթոռին նստած հետեւել մյուս թեկնածուների քարոզարշավին: Այս մասին նա ասաց, այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հետեւելով թեկնածուների քարոզարշավի ընթացքին, նա  տպավորություն է ստացել, որ կառավարությունում թափուր տեղեր են ստեղծվել եւ բոլորը ցանկանում են իրենց տնտեսագիտական ծրագրերն ու գիտելիքները ներկայացնել Սերժ Սարգսյանին: Այնինչ` ըստ նրա, նպատակը պետք է լինի այն, որ օրենքի սահմաններում  Սերժ Սարգսյանը դուրս գա քարոզարշավից:

Ի դեպ, Վարդան Սեդրակյանին զանգահարել են Թեղուտից եւ այսօր պետք է պայմանավորվեն, որ իր անվճար եթերաժամը մասամբ կամ անվճար տրամադրի նրանց:

Վարդան Սեդրակյանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանի կյանքից մի շարք դրվագներ դուրս են մնացել նրա կենսագրությունից: Օրինակ, որ խառատ է եղել, եղել է ՀՀՇ վարչության անդամ, անձամբ պատասխան է տվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության համար: «Նայելով, թե մարդն ինչպես է խեղաթյուրում սեփական կենսագրությունը, նրանից որեւէ բարոյական օրենսդրական քայլ սպասելն անհնար է: Մի կողմից հիշողության կորուստը, մյուս կողմից քարոզարշավում դրսեւորած այն համոզումը, թե Հայաստանի ապահով ապագան կապված է միմիայն Սերժիկ Ազատի Սարգսյանից, տեսնում ենք, որ այդ մարդը եւ կուսակցությունը գերագնահատում են իրենց դերը հայոց պատմության մեջ: Նա տառապում է դեժավյու կոչվող հիվանդությամբ, որը հիշողության կորուտն է»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը: