Անհրաժեշտ է, որպեսզի Արման Մելիքյանն ու հայ հասարակությունը իմանան, որ նախագահի երեք թեկնածուների՝ Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի համատեղ հայտարարության պատրաստման եւ տարածման գործում ոչ մի չկամություն չկար: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Այդ հարցում Արման Մելիքյանն իրավացի է, քանի որ քննարկումների ժամանակ մենք պայմանավորվել էինք, որ հայտարարության տեքստը բաց կլինի մյուս բոլոր թեկնածուների ստորագրման համար: Սակայն մենք մոռացել էինք այդ մասին նշել հայտարարության վերջում, եւ ես դա հիմա եմ անում: Մենք հուսով ենք՝ Արման Մելիքյանն ըմբռնումով կմոտենա», - ասել է Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն էին տարածել՝ ներկայացնելով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների առթիվ իրենց մտահոգությունները: Հայտարարությունում, մասնավորապես, ասված էր, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, որոնք զրկված են ընտրելու իրավունքից: Նաեւ նշվում էր, որ բոլոր թեկնածուները, ներառյալ գործող նախագահը, պետք է պարտավորվեն բացառել վարչական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ բյուջետային աշխատողների (ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների) հանդեպ ճնշումները, ընտրական գործընթացում ոստիկանական, անվտանգության ուժերի եւ բանակի ներգրավումը: Միաժամանակ, Հայաստանի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Արման Մելիքյանն իր դժգոհությունն էր հայտնել հայտարարության առնչությամբ, քանի որ նման պահանջով ի սկզբանե ինքն էր հանդես եկել, այնինչ իրեն հայտարարության պատրաստման մասին չէին տեղեկացրել:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























