Հայաստանում Իվանիշվիլիի հայտարարությունը ենթադրում է միայն, որ բոլոր երկրների հետ պետք է  լավ հարաբերություններ ունենալ:  Այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն «Prime Time»-ի հետ բացառիկ հարցազրույցում՝ մեկնաբանելով Երեւանում Իվանիշվիլիի ասած խոսքերը, որ արտաքին քաղաքականության հարցերում պետք է օրինակ վերցնել Հայաստանից: 

«Դա ընդհանրապես նշանակում էր, որ բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու հարցում… Մենք փորձում ենք հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալ, եւ ունենք՝ բացառությամբ Ռուսաստանի… Մեր գլխավոր խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, եւ այդ պատճառով էլ մենք լուրջ խնդիրներ ունենք:  Ռուսաստանը գրավել է մեր երկրի  20%-ը, առաջընթացի, մեր երկրի խնդիրները լուծելու համար վատ չէր լինի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը, եւ հենց այդ հարաբերություններն ենք մենք փորձում այժմ կարգավորել», - ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե որքան լավ օրինակ կարող է լինել Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար, Փանջիկիձեն խորհուրդ է տվել հարցին մոտենալ ընդհանուր եւ գլոբալ տեսանկյունից: «Այսինքն, պարոն Բիձինան նկատի ուներ, որ ցանկալի է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ»:

Այնուհետեւ թղթակցի  հիշեցմանը, որ Հայաստանը «ռուսամետ ՀԱՊԿ դաշինքի անդամ է»,Գյումրիում հինգ հազար ռուս զինվորական ունեցող ռուսական ռազմակայան ունի եւ այն հարցին, թե Վրաստանն արդյոք կհայտնվի նման վտանգի առաջ, ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ նման վտանգ չկա, քանի որ Վրաստանի ուղղությունը եվրոպական է: 

«Միակ միությունը, որին կմիանա Վրաստանը ԵՄ-ն է, եւ միակ ռազմաքաղաքական  դաշինքը, որին կհարի Վրաստանը, ՆԱՏՕ-ն է», - հայտարարել է նա:

Ըստ նրա՝ Իվանիշվիլիի խոսքերում այլ տողատակ չպետք է փնտրել եւ եզրակացություններ անել, որ դա արտաքին քաղաքականության ուղղության փոփոխության ակնարկ է:

Պատասխանելով դիտարկմանը, որ Լուկաշենկոն Վրաստանին ԱՊՀ վերադառնալու կոչ  է անում, Փանջիկիձեն նշել է. «Բացառվում է»: