Ծրագիր չներկայացրած թեկնածուները խոսում են «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հտ հանդիպմանն ասաց «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ծրագիր ներկայացրել են Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրկյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ասաց, որ «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը բավականին կազմակերպված է:
Երկու բանախոսները փաստարկներ բերեցին, թե ինչու պետք է ընտրեն իրենց թեկնածուներին: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ժողովուրդը պետք է ընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ այդ դեպքում բիզնեսը իշխանությունից կտարանջատվի, արմատական բարեփոխումներ կլինեն, նոր աշխատեղեր կստեղծվեն, փոքր եւ միջին բիզնեսը կշնչի, քաղաքացու իրավունքները պաշտպանված կլինեն, բանակում ռեֆորմներ կլինեն, հնարավոր կլինի օտաերկրյա ներդրումներն ավելացնել եւ այլն:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ նշեց, թե ինչու չպետք է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, նշելով. «Րաֆֆին հանրությանը հայտնի է, բայց վերջին իրադարձությունները, որ տեղի ունեցան իր թիմում, խոչընդոտ են հանդիսանում իրեն ընտրելու առումով, կայուն թեկնածու չէ: Եթե մարդը չի կարողանում կազմակերպել այդ հինգհոգանոց խմբակցությունը, չեմ կարծում, որ 10-միլիոնանոց հայությանը կկարողանա կազմակերպել»:
Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյանին պետք է ընտրեն, որովհետեւ ժողովուրդը սիրում է ապահովություն, անվտանգություն, կանխատեսելիություն եւ այլն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























