Վրաստան-Ռուսաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցման վերականգնումը բարդ հարց է, պետք է ծանրութեթեւ արվեն դրական եւ բացասական բոլոր կողմերը, եւ Վրաստանի շահերն այդ հարցում ամեն ինչից վեր կդասվեն, «Prime Time»-ի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ՝ մեկնաբանելով Երեւանում Իվանիշվիլիի աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը ջանքեր կգործադրի Աբխազիայի հետ ճանապարհը վերականգնելու համար:
«Կարեւորն այն է, որ դա ոչ մի կերպ չի հակասի Վրաստանի եւ նրա բարեկամ երկրների շահերին: Ամեն ինչ հաշվի կառնվի, եւ առաջին հերթին՝ մեր երկրի շահերը: Մենք պետք է պարզենք՝ հարկավո՞ր է մեզ նման երկաթուղի, ինչպիսի՞ն կլինի այդ երկաթուղուց ստացված տնտեսական եւ քաղաքական շահույթը, որքանո՞վ այն կնպաստի Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունությանը: Պետք է ծանրութեթեւ արվեն դրական եւ բացասական բոլոր կողմերը… Դեռեւս ոչ ոքի հետ այդ թեմայով բանակցություններ չեն տարվում: Ոչինչ որոշված չէ: դա պարզապես գաղափար է, թեմա, որի քննարկումը խոր իմաստ ունի», - ասել է նա՝ հավելելով. «Հնարավոր է, որ գերակշռեն բացասական կողմերը, այն շահավետ չլինի Վրաստանի համար, եւ մենք հրաժարվենք դրանից»:





























