Յուրաքանչյուրը յուրովի է ընտրապայքարի մասնակցում եւ ես չէի ուզի, որ մեր ազգում սեւ ու սպիտակներ լինեն: Այդ մասին այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով այցելել էր հանդիպելու նախագահի թեկնածու, հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին:
«Պետք է արժանվույն գնահատել յուրաքանչյուրի գործողությունները` նույնիսկ չընդունելով: Որպես ՀՀԿ ներկայացուցիչ ասեմ, որ նման երեւույթները (հացադուլը-խմբ.) մեզ համար ընդունելի չեն, բայց միաժամանակ մեր խնդիրը նա չէ, որ գնահատականներ տանք, այլ պետք է այնպիսի դաշտ ստեղծենք, որ երեւույթները փոխակերպվեն, մատչելի դառնան հասարակության համար: Անդրիաս Ղուկասյանին էլ ասացի, որ պայքարողներն առանձնանում են հասարակության մեջ»,- նշեց Սահակյանը:
«Մենք հայ ենք, նույն դաշտի համար կռվող մարդիկ, եւ շատ լավ կլինի, որ բյուրեղանան հարաբերությունները մարդկանց միջեւ»,- ասաց Սահակյանը:
Հարցին` արդյոք նախագահի թեկնածուին կոչ է արել դադարեցնելու հացադուլը, Գալուստ Սահակյանն ասաց. «Կոչ անելու խնդիր չկա, որովհետեւ ինքը այդպես է մտածել: Պարզապես պետք է ուշադիր լինենք, որ պայքարը պայքար մնա, առողջությանը չվնասի: Պետք է հասնենք այն բանին, որ բոլոր հակադիր ուժերը կարողանան իրար հետ խոսել: Անիմաստ է նման առաջարկություն անելը, որովհետեւ բավականին լուրջ քայլ է: Իմ գալու նպատակը Անդրիասի քայլը գնահատելն էր»: Նա նշեց, թե իհարկե ցանկալի կլինի, որ դադարեցնի հացադուլը, բայց քաղաքականության մեջ ցանկություններով չեն առաջնորդվում, այլ գաղափարներով:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց եւ պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաեւ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























