Իվանիշվիլիի` Հայաստան այցին նախորդած արշավը, որին մի կողմից մասնակցել են վրացական լրատվամիջոցները, մյուս կողմից` ընդդիմությունը, ուղղված էր Վրաստանի պետական շահերի դեմ, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն «Prime Time»-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով Լիտվայում Լեռնային Ղարաբաղի գարցով իր հայտարարության շուրջ ստեղծված աղմուկը:
«Երեւան այցը չափազանց հաջող էր, այնտեղ ես տեսա բարեսրտության, փոխհամաձայնության բարձր մակարդակ… Իսկապես անհրաժեշտ էր այդ այցը եւ հարկ է ընդգծել, որ մենք հարեւաններ են, իրականում` լավ հարեւաններ, ու կարող ենք միասին շատ բան անել: Անդրադառնամ այդ թյուրիմացությանը: Ես զարմանում եմ, երբ վրացական ընդդիմությունն ու լրատվամիջոցները, կառավարությանը քննադատելու համար չեն խորշում երկրի շահերը ոտնահարելուց: Իվանիշվիլիի` Հայաստան այցին նախորդած արշավը, որին մի կողմից մասնակցել են վրացական լրատվամիջոցները, մյուս կողմից` ընդդիմությունը` ի դեմք «Ազգային շարժման», ուղղված էր Վրաստանի պետական շահերի դեմ: Ինչպես կարելի է հայրենասերներ անվանել մինչ վերջերս կառավարությանը մաս կազմած, իսկ այժմ ընդդիմություն դարձած ուժերին, որոնք հրաշալի գիտեն, թե այդ մեղադրանքներն անհիմն են»,- ասել է Փանջիկիձեն` հավելելով, որ այդ արշավը ուղղված էր Հայաստանի հետ լավ հարաբերությունների դեմ:
Նշենք, թե ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լիտվա կատարած այցելության շրջանակներում, հունվարի 10-ին կազմակերպված Եվրոպական խորհրդարանական խմբի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փանջիկիձեն, իբր, հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարծքային ամբողջականության օգտին»: Իսկ վրացական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ վերոնշյալ հայտարարության համար ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից նկատողություն է ստացել եւ որ վարչապետի՝ հունվարի 17-ին նշանակված պաշտոնական այցը Երեւան խափանման եզրին է։
«Մայա Փանջիկիձեն Վրաստան կվերադառնա այսօր եւ անձամբ մեկնաբանություններ կանի»,- կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտարարել էր Իվանիշվիլին։
Նշենք, որ Վրաստանի ԱԳՆ-ում հայկական լրատվամիջոցներին պարզաբանել են, որ այդ հանդիպման ժամանակ Փանջիկիձեն ասել է, որ «հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», եւ Լեռնային Ղարաբաղի մասին նա ընդհանրապես չի հիշատակել։





























