Հայաստանի առեւտրային 21 բանկերի ընդհանուր շահույթը 2012 թ. կազմել է մոտ 42.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 5.6 մլրդ դրամով կամ 15%-ով; Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:  

Բանկերի շահույթներն աճել են այն պարագայում, երբ վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է գրեթե 1 տոկոսային կետով, իսկ ավանդների միջին տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա: Այդ պայմաններում բանկերին հաջողվել է էապես ավելացնել վարկերի ծավալները՝ 2012 թ. վերջին հասցնելով այն 1.5 տրլն դրամի (աճը՝ 21%): Ընդ որում՝ բանկերի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը վարկային պորտֆելում նվազել է մինչեւ 3.6%՝ նախորդ տարվա 4%-ի համեմատ:

Ա. Օսիպյանը նշեց, որ այլ երկրներում չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ավելի մեծ է. Ռուսաստանում մոտ 8%, Վրաստանում՝ 12.6% եւ այլն: Ա. Օսիպյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանում վարկերը տրվում են ավելի ցածր տոկոսադրույքներով, քան Ռուսաստանում կամ Ուկրաինայում, իսկ ավանդներն ընդունվում են ավելի բարձր տոկոսադրույքով:

Վարկի տոկոսադրույքի նվազման պատճառով բանկերի շահութաբերությունը նախորդ տարվա համեմատ նվազել է: Այսպես՝ ակտիվների շահութաբերության մակարդակը (ROA) կազմել է 2% (նախորդ տարի 2.36% էր), իսկ կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE)` 11.2% (նախորդ տարի 12.55% էր):

Հարկ է նշել, որ 2012 թ. Հայաստանում գործող բոլոր 21 առեւտրային բանկերը միասին վճարել են ավելի քան 25.8 մլրդ դրամի հարկեր,՝ նախորդ տարվա 21.6 մլրդ դրամի փոխարեն: ըստ Ա. Օսիպյանի՝ բոլոր բանկերն էլ 1000 խոշոր հարկատուների մեջ են, իսկ 11-ը՝ խոշոր հարյուրի մեջ: