Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն այցելելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումներում:

Մասնավորապես՝ փետրվարի 11-ին Նյու Յորքում կայանալիք բանավեճում, որ կազմակերպվել է The New Century Foundation-ի եւ Ֆլեթչերի ակումբի կողմից, Հայաստանի ներկայացուցչի ընդդիմախոսն է լինելու հայտնի թուրք գործիչ, դեսպան Էրթուղրուլ Ապականը:

Բացի այդ, Վաշինգտոնում, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) Վիգեն Սարգսյանը հանդես կգա զեկույցով:

Նշենք, որ աշխատանքային ա յցի ընթացքում նախանշված են հայ պաշտոնյայի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղարությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Հայաստանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Երեւանում նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, մտքեր փոխանակել հայ-թուրքական գործընթացի, ղարաբաղյան հակամարտության եւ երկկողմ հարաբերությունների շուրջ: