Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մյունխենից վերադառնալիս թուրք լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրեն անհանգստացնում են վերջին շրջանում տեղի ունեցած երեք իրադարձություններ, որոնք չեն կարող պատահականություն լինել։

1. Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որն անընդունելի է թուրքական կողմի համար։

2. Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ հայկական կողմը Ղարաբաղի խնդրի կարգավորման խնդրում հետընթաց քայլ է արել։

3. ԱՄՆ-ի Կոնգրես Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագիծն է մտնում։ Ինչու՞ է հիմա օրակարգ գալիս, ինչո՞ւ նոյեմբերին չհայտնվեց այդ նախագիծը։

Մենք 2009 օգոստոսի 31-ին հայտարարեցինք արձանագրությունների ստորագրման մասին, եւ իհարկե մեզ վրա ոչ մի ճնշում չի եղել։ Համարեցինք, որ ճիշտ է, եւ այդ քայլը կատարեցինք։ Այսօր թող ոչ ոք չպասի, որ մենք ապրիլի 24-ի ճնշման տակ քայլեր կանենք, որին չենք հավատում։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է, երբ հավատանք, որ մեր քայլերը ճիշտ են։ ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված հիշյալ նախագիծը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Թուրքիայի շահերից։ Այն կարող է մեր այսքան ջանքերի շնորհիվ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի մտցնել։ Սպասում ենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները այս հարցում ավելի զգայուն կլինեն։