Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը շուտափույթ ապաքինում է մաղթում Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, ում վրա երեկ մահափորձ է կատարվել:
«Ինչպես բոլորը, այնպես էլ ես, ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ ես հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր:
Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո:
Իմ եւ Բրիտանական դեսպանատան անունից հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին եւ ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց (ֆոտոռեպորտաժ): Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























