Ռուսաստանի ԿԸՀ-ն առայժմ մտադիր չէ հետաձգել նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան կատարելիք այցը: Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամ Սերգեյ Դանիլենկոն, որը պետք է ղեկավարի դիտորդական խումբը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ԿԸՀ պատվիրակությունը պատրաստվում է Հայաստան կատարելիք այցին, թեեւ թեկնածուներից մեկի դեմ մահափորձ է կատարվել:
«Այսօրվա դրությամբ ընտրությունները ոչ ոք չի հետաձգել, եւ ԿԸՀ-ի պատվիրակությունը պատրաստվում է այցին», - հայտարարել է Դանիլենկոն՝ նշելով, որ ԿԸՀ-ն «կհարմարեցնի իր ծրագրերը», եթե Հայաստանի իշխանությունները ընտրությոնների ամսաթվի տեղափոխման վճիռ կայացնեն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԿԸՀ-ի պատվիրակությունը պետք է Հայաստան ժամանի քվեարկությունից երեք օր առաջ, իսկ անմիջապես ընտրությունների օրը Հայաստան պետք է ժամանի ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Վլադիմիր Չուրովը:
Հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց՝ Տպագրիչների 9 հասցեում: Գնդակը դիպել էկրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքներին:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Ստեղծվել է Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: Գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում:
Մահափորձից հետո անմիջապես սկսեցին խոսել նախագահական ընտրությունների հնարավոր հետաձգման մասին, քանի որ Հայրիկյանն այժմ ի վիճակի չէ շարունակել քարոզարշավը: Սակայն ԿԸՀ ղեկավարն այդ ենթադրությունները «կոռեկտ» չէր համարել՝ առաջարկելով սպասել մինչեւ թեկնածուի առողջական վիճակի հստակեցմանը:
Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2013թ. փետրվարի 18-ին: Նախընտրական քարոզարշավը սկսվել է հունվարի 21-ին եւ կավարտվի փետրվարի 16-ին: Հայաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ, «Radio Hay»-ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:




























