Կատարվածի մեջ առաջին հերթին պետք է բացառել իշխանությունների մեղքը կամ մասնակցությունը դա հանցագործություն է , որով հետաքրքրված են երկրի ներսում գործող որոշ թույլ ուժեր: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ձեռնտու չէր ոչ ոքի: «Կատարվածն ուղղված է երկրի դեմ: Ես ներկա իրավիճակն ու տվյալ դեպքը գնահատում եմ որպես մեր քաղաքական հետընթացի եզրափակիչ փուլ: Անրաժեշտ է վերջակետ դնել սեւ տեխնոլոգիաների օգտագործմանը եւ առաջ գնալ` դեպի քաղաքական ձռքբերումների»,-նշել է Լարիսա Ալավերդյանը: Նա քննադատել է նույն բնույթի ցանկացած գործողություն եւ Պարույր Հայրիկյանին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: