ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շատ լուրջ միջադեպ է անվանել Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այս մասին նա հայտարարել է այսօր` փետրվարի 1-ին, հեռուստակամուրջի ժամանակ:

«Ընտրությունների նախաշեմին սա շատ լուրջ դեպք էր: Ես այն որպես մահափորձ չէին որակի, կարծում եմ, նախքան որակումներ տալը հարկավոր է քննել մանրամասները: Վստահ եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք միշտ էլ առանձնացել են պրոֆեսիոնալիզմով, շատ արագ կպարզեն իրավիճակը եւ կգտնեն մեղավորներին», - ասել է նա:

Հետագա մեկնաբանություններից Բորդյուժան հրաժարել է՝ ընդգծելով, որ  դեպքը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան, եւ դեռ բավականաչափ տեղեկատվություն չկա: Միաժամանակ, գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ  կատարվածը չի ապակայունացնի Հայաստանի իրավիճակը: «Ցավալի է, որ դա տեղի է ունեցել ընտրությունների նախաշեմին, որոնց այնքան էլ շատ ժամանակ չէր մնացել, եւ սա կարող է հետաձգման պատճառ  դառնալ», - նշել է Բորդյուժան: 

«Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ դա չի փոխի իրադրությունը Հայաստանում: Ես հենց նոր եմ այնտեղից վերադարձել եւ կարող եմ ասել, որ նախընտրական ողջ քարոզարշավը հանգիստ է ընթանում,  պատշաճության եւ ժողովրդավարության շրջանակում` այլ պետությունների քարոզարշավներից տարբերվելով հենց զսպվածությամբ եւ կառուցողականությամբ: Ես հուսով եմ` հենց այդպես էլ կշարունակվի»,  - ամփոփել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am