Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մտահոգություն է հայտնել նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ, մաղթում է նրան շուտափույթ առողջություն եւ իր աջակցությունն է հայտնում նրա ընտանիքին:
ԵՄ պատվիրակությունը վերահաստատում է իր աջակցությունը` Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրությունների անցկացմանը, ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2013թ. փետրվարի 18-ին: Նախընտրական քարոզարշավը սկսվել է հունվարի 21-ին եւ կավարտվի փետրվարի 16-ին: Հայաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ, «Radio Hay»-ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:





























