«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:
Կուսակցության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, եւ մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման եւ ժողովրավարացման ակունքներում:
Իրավապահ մարմիններից պահանջում ենք գործի արդարացի եւ արագ քննություն: Ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում այս հանցագործության մեղավորները եւ պատասխանատուները կբացահայտվեն եւ խստագույնս կկրեն իրենց պատիժը:
Պարույր Հայրիկյանին հայտնում ենք մեր զորակցությունը եւ մաղթում շուտափույթ ապաքինում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























