Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել` կապված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դեմ:
Հայտարարությունում ասվում է.
«Նախագահական նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում, երբ ամեն ինչ ընթանում էր հանգիստ, խաղաղ, հանդուրժողական ու գործնական մթնոլորտում, երբ կային բոլոր հնարավորությունները վերջապես Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակած կրակոցները խաթարեցին այդ բնականոն ընթացքը: Այս ամենը հարցեր են առաջացնում ու վնաս հասցնում ՀՀ հեղինակությանը, սասանում հայ ժողովրդի բարի համբավն ու վարկը միջազգային կառույցներում:
Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է կատարված քստմնելի արարքը, այն որակում վտանգավոր ու վիրավորական, որն ուղղված է նաեւ ՀՀ պետականության, ներկա իշխանությունների եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի հասցեին եւ համապատասխան կառույցներից պահանջում` կարճ ժամկետում բացահայտել ոչ միայն հանցագործությունը կատարողներին, այլեւ նրանց թիկունքում կանգնած բոլոր ուժերին եւ պատժել օրենքի ողջ խստությամբ:
Ռամկավար Ազատական կուսակցությունը գտնում է, որ այլեւս անցել են կրակոցներով հարցեր լուծելու ժամանակները եւ բոլոր նրանք, ովքեր հույս ունեն նման անմարդկային մեթոդներով խաթարել հանրապետության գործնական ու կայացող ժողովրդավարության միջավայրը, պատասխան պիտի տան օրենքի տառին համապատասխան:
Ռամկավար Ազատական կուսակցությունը շուտափույթ առողջացում է մաղթում Պարույր Հայրիկյանին եւ ցանկանում, որ նա հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերադառնա ակտիվ քաղաքական կյանք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























