Որոշ ուժերի երեւի դուր չի գալիս այն հասարակությունը եւ այն մթնոլորտը, որը ձեւավորվում է: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:

«Կարծում եմ, որ որոշ ուժերի երեւի դուր չի գալիս այն հասարակությունը եւ այն մթնոլորտը, որը ձեւավորվում է առօրյա գործունեությամբ եւ նաեւ նախընտրական այս պայքարի ընթացքում: Դա փոխադարձ հարգանքն է, փոխադարձ հանդուրժողականությունը, մեկը մյուսին վստահելը: Մենք բոլորս պետք է ցավենք, որ դեռեւս նման ուժեր կան մեր շարքերում»,- 168.am-ի փոխանցմամբ, ասել է Սեյրան Օհանյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերություն կատարած այցելության ժամանակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: