Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի երեկոյան տեղի ունեցած մահափորձը նոր հարված է Հայաստանի Հանրապետությանը: Այդ մասին իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեւէ այսպիսի մահափորձ չէր եղել նախագահի թեկնածուի նկատմամբ: Բռնությունն այսպիսով՝ մեծացնում է իր ընդգրկումը, ինչը տագնապի նոր ահազանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»,- գրել է Փաշինյանն ու հավելել. «Ստեղծված իրավիճակի ուղղակի պատասխանատվությունը կրում է Հայաստանում հաստատված ապօրինի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրավապահ եւ հատուկ ծառայությունների այն համակարգը, որ քաղաքական հետապնդումների եւ հալածանքների գործիք դառնալով՝ առանց բացահայտման է թողել 2008թ. Մարտի 1-ի ոճրագործներին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի, ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունները, այլ աղմկոտ սպանություններ եւ մահափորձեր՝ այսպիսով ազատորեն գործելու հնարավորություն տալով մարդասպաններին»:

Ըստ Փաշինյանի, իշխանության ներկայացուցիչների դատապարտող հայտարարությունները համոզիչ չեն՝ հանրային անվտանգությունն ապահովելու նրանց մտահոգության առումով: Իշխանությունը տվյալ համատեքստում մեկ «հայտարարություն» ունի անելու՝ նախ՝ Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, ապա՝ հանրային եւ պետական անվտանգությանն առնչվող բոլոր չբացահայտված հանցագործությունների կատարողներին ու կազմակերպիչներին օրենքով սահմանված կարգով բացահայտելը: «ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ, Խորհրդային Միության տարիների քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանին մաղթում եմ շուտափութ ապաքինում եւ քաջառողջություն»,- նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: